Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե «Ոչ»-ն էլ, «Այո»-ն էլ մեկ ընտանիքի նման կարողանում են իրենց գործն առաջ տանել: ««Ոչ»-ն էլ է մերը, «Այո»-ն էլ»,- նշեց Բաղդասարյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՀԿ-ն միացել է ՀՅԴ-ին, ոչ թե հակառակը, Բաղդասարյանը խնդրեց՝ մրցավազք չկազմակերպել, թե ով ում է միացել, միայն ընդգծեց, թե իրենք «Այո»-ի կողմնակիցների հետ պետք է փորձեն գործն ավարտին հասցնել. «Մենք, ընդհանուր առմամբ, արտահայտում ենք ժողովրդի մեծամասնության կարծիքը: Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն 90-ականներից այդ հարցը բարձրացնում էր, և «Այո»-ի կողմնակիցները միասնական պետք է հասնեն այդ գործի ավարտին»:
Հաջորդ հարցին, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե իշխանությունը չկեղծի՝ «Ոչ»-ը հաղթանակ կտանի, պատգամավորը ասաց, թե Զուրաբյանի խոսքերը մանկական երազանք են. «Իր մանկությունը մի փոքր երկար է տևում, բայց մենք կհարմարվենք»: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե բոլորը պետք է դև դառնան և կուլ տան իշխանությանը, ՀՀԿ-ականն ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն՝ ժամանակին խմել դեղերը: Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի սկզբին հանդես կգա լայնածավալ հարցազրույցով և եթերից կքարոզի փոփոխությունները:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին, Վահրամ Բաղդասարյանը նշեց , թե պետք է արձանագրել, որ անհատներից չեն կախված այս գործընթացները: «Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը քաղաքական բնույթ չի կրում: Հիմնական զեկուցողը որևէ մի անգամ չի եղել տարածքում և չի ուսումնասիրել: Ժամանակին այդ հարցը բարձրացվել էր, համատեղ օգտագործել ջրամբարը, բայց նրանք հրաժարվել են»,-ասաց նա: Ըստ ՀՀԿ-ականի՝ Մինսկի խումբը պետք է վերջնական պատասխանը տա: Իսկ թե ինչ ռազմավարություն է մշակվում, պատասխանեց, թե եղել է փակ նիստ և իրոք քննարկվում է այդ հարցը: «Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, հետագա անելիքների հետ կապված մոտ ապագայում կտեսնեք»,-ասաց նա և հավելեց, թե չի կարծում հետևանքային ազդեցություն ունենա: «Դա կմնա միայն բանաձև»,-ասաց նա: