ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսայիի հետ հանդիպմանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին և ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն:
Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը և Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն և դինամիկ համագործակցում են:
Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա:
Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարևորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար:
Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարևորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը և Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: