Մեծ ցավ է մեզ համար, մյուս կողմից` մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհը ցնցել իր տաղանդով: Այս մասին Շառլ Ազնավուրի կեցավայրում այսօր բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Նա իր կարողություններով, իր երաժշտությամբ բերեց հանդարտություն, համերաշխություն, բերեց սեր ու բարեկամություն հայ, ֆրանսիացի ժողովուրդներին և ամբողջ աշխարհին: Այսօր ես ևս մեկ անգամ արտահայտել եմ իմ զգացմունքները, ես Շառլի հետ կապված եմ եղել և՛ ինչպես քաղաքացի, աշխարհի մի մարդ, որը հարգում, սիրում է շանսոնիեին, միևնույն ժամանակ որպես մի մարդ, ով առնչվել և ընկերություն է արել, բարեկամություն է արել, համագործակցել է և ծրագրեր է իրականացրել»,- նշեց Բաբլոյանը:
Նա ասաց, որ Ազնավուրը տարիների ընթացքում և՛ փոխվել էր, և՛ ոչ. «Ես իրեն մոտիկից գիտեմ 30 տարի՝ երկրաշարժից հետո, տարիների ընթացքում և՛ փոխվում էր, և՛ չէր փոխվում: Չէր փոխվում, որովհետև ինքը Շառլն էր, փոխվում էր, որովհետև մեծանում էր, ինչ-որ տեղ՝ ծերանում, բայց իրեն երբեք ծեր չէր զգում»: