Աժ պատգամավոր, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած զեկույցը ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման վերաբերյալ, ասաց.
«Այսօր թվային առումով գնահատել Աժ օրենսդրական գործունեությունը՝ կառավարությունն է ավելի նախաձեռնողական, թե մենք՝ չեմ կարծում, որ բովանդակային առումով ճիշտ չէ: Որովհետև անձամբ մեզ համար` որպես իշխանությունը ներկայացնող, և մեծամասնություն` թե պառլամենտում, թե կառավարությունում, մենք իրականացնում ենք մեր ծրագրերը: Ազգային ժողովը միայն իշխանական թևը ներկայացնող պատգամավորներից չի բաղկացած: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի նախաձեռնողականություն ունեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները: Ցավոք, Ազգային ժողովը երբեմն վերածվում է ընդամենը քաղաքական բեմահարթակի, որտեղ քաղաքական տեսակետներ են հնչեցնում կամ «միտինգային տրամադրությունները» փորձում են տեղափոխել Ազգային ժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը այսօր հնարավորություն է տալիս մեծամասնության այլ կարծիք ունենալու դեպքում ներկայացնել նաև 1/3 փոքրամասնության տեսակետը: Այլ հարց է, թե մեր ընդդիմադիր գործընկերները օգտվո՞ւմ են իրենց հնարավորություններից, թե` ոչ»:
Հովհաննես Սահակյանը հաստատում է տեսակետը, թե Ազգային ժղովին տրված հնարավորությունները փոքր-ինչ քիչ են:
«Օրինակ` մենք ունենք 12 հանձնաժողով, Աժ օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսը, ծանրաբեռնվածության առումով, ընկնում է երկու- երեք հանձնաժողովի ուսերին: Եվ այս ամենը երկու-երեք փորձագետների հետ իրականացնելը բավական դժվար է: Մինչդեռ, նախարարություններն ունենում են իրավաբանական ծառայություններ և կարողանում են իրականացնել դրանք»,- եզրափակեց պատգամավորը: