ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարող ասել՝ ինչու է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարական տվել:
«Ինքը պատճառաբանել է՝ ինչու է հրաժարական տվել: Չեմ կարծում՝ դա այն հրատապ հարցն է, որ ցանկացած պաշտոնաթող մարդու համար պետք է կարծիքներ հավաքել»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ինքը «լրագրողության» միջոցներով է կարդացել՝ Միհրան Պողոսյանի՝ ինչ-որ պատմություններում հայտնվելու մասին:
Զերծ մնալով որևէ գնահատական հնչեցնելուց` ԱԺ նախագահն ամեն դեպքում նշեց. «Այն, որ այդ կառույցը վերջին տարիներին շատ լավ էր աշխատում, ինձ համար գնատահելի է»:
Հարցին՝ իրավական հետևանքներ ե՞ւս կհաջորդեն ԴԱՀԿ պետի հրաժարականին, Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, թե պաշտոնից հրաժարվելը պետք է իրավական հետևանքներ ունենա, այլ բան է, եթե մարդը հանցագործ է: Պաշտոնից հրաժարվել եւ նաեւ պատասխան տա՞, ո՞ւմ պիտի պատասխան տա»:
ԱԺ նախագահի ձևակերպմամբ՝ Միհրան Պողոսյանի՝ օֆշորային սկանդալում հայտնվելը «մամուլի մտքերն են»:
«Եթե թերթերով տրված հանելուկային բացատրություններն այդպես չլինեին, ՀՀ քաղաքացի է, կարող է որևէ պաշտոնում լինել»,- հավելեց նա: