ԱԺ-ում ավարտվեց «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը: Նշենք, որ ելույթներով հանդես եկան ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները, ովքեր հայտարարեցին, որ Հայաստանը տեղ չունի ԵԱՏՄ կազմում: Ընդդիմադիր խմբակցության տեսակետը չկիսեց ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն հանդիսացող «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Խմբակցության անունից ելույթ ունենալով` ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ իրենք կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության համաձայնագրին եւ, հետեւաբար, դեմ են «Ելքի» նախագծին: Դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի տակ ստորագրել են դաշինքի խմբակցության բոլոր պատգամավորները, եւ իրենք իրենց միասնականությունը ցույց կտան նաեւ քվեարկությամբ:
Այսպիսով քննարկումներն ավարտվեցին: Նշենք, որ քվեարկությունը տեղի կունենա ԱԺ վաղվա նիստում: Սակայն, դատելով խմբակցությունների հայտարարություններից, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելքի» նախագիծը չի ընդունվի: