«Ոչ մի հանրահավաք հենց այնպես չի լինում, դա նշանակում է` մեր երկրում ինչ-որ բան, մեղմ ասած, այն չէ»,- խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մասին, araratnews.am-ի հետ զրույցում` ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ:
«Ես հավատում եմ, որ հանրահավաքները կնպաստեն այն բանին, որ մեր ղեկավարները զգոն լինեն և չխաղան մարդկանց ճակատագրերի հետ: Ավելին ասեմ` մեր երկրում ժողովուրդը, ցավոք, համբերատար է. լավ կլիներ` դիմեինք ավելի ծայրահեղ միջոցների` մեր երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար»,- նշեց Սուրեն Շահվերդյանը:
Ինչպես նշեց ռեժիսորը, եթե Երևանում լինի, անպայման կմասնակցի հանրահավաքին ու ցավով փաստեց նաև, որ երկրում, իրականում, ոչ մի տեղաշարժ չկա.
«Ազգային ժողովը կարծես կրկես լինի. ասում-խոսում են, իրար են ձեռ առնում, շարունակ ծաղրում ժողովրդին` իրենց ընդունած անհեթեթ օրենքներով»,- ցավով նկատեց Սուրեն Շահվերդյանն ու հավելեց` պատգամավորների մեծամասնությանն էլ չէր խանգարի գրագետ խոսելու քննություն հանձնել:
Շողիկ Գալստյան