Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի կարծիքով՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծով նպատակ ունեն ցրել ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը:
Իրինա Գասպարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Այդ օրենքի նախագծի դեմ մենք պայքար ենք սկսել: Դա խտրական վերաբերմունք ցույց տվող օրենք է: Օրենքում նշված է, որ Հայաստանում կա ազգային փոքրամասնությունների 11 համայնք, և դրանք թվարկվում են: Հիմա եթե մի էթնիկ խումբ որոշի ակտիվ լինել և դառնա ազգային փոքրամասնություն, դրա համար պետք է օրե՞նքը փոխվի»,-ասաց Գասպարյանը:
Գասպարյանի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների որոշելու համար կա միջազգային սահմանում:
Նրա կարծիքով՝ օրենքի նպատակն է եղել ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը ցրելը: Նա հույս հայտնեց, որ նախագիծն Ազգային Ժողով չեն ուղարկի: