Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդրել է հավաքականի հանդիպումների տոմսերի գնման աբոնեմենտային համակարգ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նշվում է, որ այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումների աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: 2018 թ. աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները,
24.03.2018 թ. Հայաստան-Էստոնիա (ընկերական հանդիպում)
27.03.2018 թ. Հայաստան-Լիտվա (ընկերական հանդիպում)
06.09.2018 թ. Հայաստան-Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)
13.10.2018 թ. Հայաստան-Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)
16.10.2018 թ. Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)
2018 թ. մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարելի է ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու հյուսիսային եւ հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:
Միեւնույն ժամանակ մարտի 1-ից վաճառքում են լինելու ազգային ընտրանու առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը: «Հանրապետականում» մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին, կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումները: Այս հանդիպումների տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Մարզադաշտի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով կարելի է զանգահարել «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: