Մի քանի օր առաջ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են արդարադատության նախկին փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանը: Նրանց ազատման լուրերը շրջանառվում էին տարվա սկզբից:
Araratnews.am-ը կապ հաստատեց Սուրեն Քրմոյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է նրա ազատման պատճառը, եւ ինչո՞վ է զբաղվելու հետագայում: Սուրեն Քրմոյանն ասաց, որ դեռ չի ցանկանում մեկնաբանել ո՛չ ազատման պատճառը, ո՛չ էլ իր հետագա գործունեությունը:
Ոմանք ենթադրում են, որ ազատման պատճառը երկու փոխնախարարների, այսպես ասած, հին ռեժիմի՝ նախկին իշխանության հետ կապ ունենալն է ու նրա հետ ասոցացվելը: Ի պատասխան Սուրեն Քրմոյանն ասաց, որ իրեն այդպիսի բան չեն ասել:
Փորձեցինք նաև զրուցել ազատված փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց այլ մարդ եւ ասաց, թե Արթուր Հովհաննիսյանին կփոխանցի, որ նրան լրագրող է զանգահարել, ու անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք՝ ըստ տեղեկությունների՝ փոխնախարարներն ազատվել են Ամանորը արտերկրում տոնելու համար, մինչդեռ Փաշինյանը հրահանգել էր երկրից դուրս չգալ:
Սոնա Դավթյան