Դերասան Վարդան Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ… Այդքան ներկա… իմ սիրելի, պաշտելի Հայր…
Ավտովթարի հաջորդ գիշերը՝ վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով… Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել…Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել… մինչեւ մահվան սարսուռն անցավ… Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում՝ ձյուների մեջ… նորից արթնացա… արդեն կենդանի… Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում…
Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում… Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ… Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում… Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի՝ դո՞ւ ինչպես կանեիր… ու փորձում էի անել այդպես…
Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել… Չորս-հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփ-լեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ… Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում… դու՝ արդեն ութսուն տարեկան…