Այսպիսի հանդիպումները, բացի բացասականից, ոչ մի դրական բան չեն տալիս: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ժամեր անց տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդարով հանդիպմանը:
«Արդեն հանդիպման նախօրեին ադրբեջանական զինուժի կողմից սպանվեց ևս մեկ հայ զինծառայող: Այսինքն` ինչպես միշտ ադրբեջանական կողմը ահաբեկչական գործողություններով հասկացնում է մեզ և Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը, որ ինքը մտադրություն չունի փոխզիջումային տարբերակով լուծել արցախյան հիմնախնդիրը, իրենց մոտ գործում է ամեն ինչ կամ ոչինչ տարբերակը»,- նշեց նա:
Քաղաքագետը նաև հավելեց, որ անգամ այսօր հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարության մամուլի խոսնակը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել և կրկին հայտարարել, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեպքում. «Այսպիսի հանդիպումները միշտ մեզ համար բացասական հետևանքներ են ունենում, միշտ ադրբեջանցի դիպուկահարների կողմից մենք զոհ ենք ունենում: Հանդիպումներն էլ անցնում են անարդյունավետ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած Նալբանդյան-Լավրով հանդիպմանը, մեր զրուցակիցը նկատեց. «Վերջին շրջանում Ռուսաստանն ուղղակի նման հանդիպումների կազմակերպման նախաձեռնությունը վերցրել իր ձեռքը, Ռուսաստանն այս պահին ակտիվ է: Եվ այս պարագայում հասկանում են, որ Նալբանդյանին դժվար կլինի մերժել Լավրովին, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, որ Նալբանդյանը Լավրովին հայտարարի, որ այս հանդիպումները կիմաստավորվեն այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն կպարտավորվի ստանձնել այն բոլոր պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չիրականացնի ու, կրկին շանտաժի գործողություններ իրականացնելով, փորձում է մեզ զիջումներ պարտադրել»:
Քաղաքագետի կարծիքով` հայկական զինուժն էլ իր հերթին պետք է միշտ փորձի իր գործողություններով լռեցնել Ադրբեջանին. «Մենք պետք է շարունակենք նույն ոճով, հայկական կողմը պետք է շարունակի հարվածներ հասցնել այն բնակավայրերին, որոնք ադրբեջանական կողմը դարձրել է կրակակետեր, և նաև պետք է դրանով շարունակի ադրբեջանական իշխանությունների դեմ հանել իրենց սահմանամերձ շրջանների բնակչությանը»:
Հարցին, իսկապես բանակցություններն այլ տարբերակ չունե՞ն, բայցի երկու երկրների իշխանությունների հանդիպումներից, ինչպես հայտարարում էր Էդվարդ Նալբանդյանը, Գագիկ Համբարյանն ասաց. «Բանակցություններն այլընտրանք չունեն, երբ բանակցող կողմերից մեկն իրոք պատրաստ է փոխզիջման, եթե մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք փոխզիջման, իսկ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ փոխզիջման մասին մտածել անգամ չի ուզում, և այս անգամ բանակցել բանակցությունների համար, որի հետևանքով ունենում ենք կորուստներ, դրա պատասխանատուն ՀՀ իշխանություններն ու արտաքին գործերի նախարարն է: Ինչպես թե բանակցություններն այլընտրանք չունեն, մենք էլ ենք ուզում վերջապես խնդրի լուծում տրվի, բայց մեր հակառակորդն ասում է, որ բանակցելու բան չունի, էլ բանակցությունների իմաստը ո՞րն է»:
Էմմա Հովսեփյան