«Ներկայիս Սահմանադրության մեջ տնտեսական խնդիրները կարգավորող կետերը քիչ են»,- այս կարծիքին է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Քննարկումները սկսվել են եթե ոչ հասարակության լայն շրջանակներում, ապա գոնե հրապարակային քննարկումների հնարավորություն կա: Ես ինքս, հատկապես տնտեսական մասին վերաբերող համակարգային փոփոխությունների հետ կապված, կարծում եմ, որ բլոկը ներկա Սահմանադրության մեջ շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում»,- նշում է նա:
Պատգամավորը հակված է այն տեսակետին, թե հանրապետությունում մարզպետարանները «չեն արդարացնում» և այստեղ ևս, ըստ նրա` փոփոխություններ են անհրաժեշտ:
«Օրինակ` տարածքային կառավարման հետ կապված. օրենքը մինչև այսօր չունենք, ու, իմ կարծիքով, օրինակ, այսօրվա մարզպետարանները չեն արդարացնում` որպես տարածքային կառավարման մարմիններ: Կարծում եմ, ժամանակն է ավելի ուժեղ տարածքային կառավարում ունենալու: Այդ խնդիրը իշխանությունների տաբեր հատվածներում քննարկվել է: Կարծում եմ, որ գյուղատնտեսության հետ կապված համակարգային փոփոխությունները իրենց արտահայտությունը պետք է գտնեն Սահմանադրության մեջ»,- նշում է Ալեքսանյանը:
Մենք կողմնակից ենք արմատական փոփոխությունների: Այնտեղ, որտեղ մենք արմատական փոփոխությունների չենք գնացել, մենք ունենք պրոբլեմներ: Այսօրվա հայեցակարգում կան և ընտրական համակարգի հետ կապված, և կառավարման հետ կապված: