Ես վստահ եմ, որ չկա մի շերտ հասարակության մեջ, որ չուզի իշխանափոխություն, միայն մնացել են ի պաշտոնե իշխանավորները, որոնք վստահ են, որ իշխանափոխությունը իրենց վնաս կտա:
Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Արտագաղթի թվերը չեն պակասում, ավելանում են: Ես նայել եմ վերջին ինը ամսվա տվյլաները և 113 հազար մարդ դուրս է եկել երկրից: Օդային ճանապարհով եղել է 53 հազար, ցամաքային ճանապարհը 65 հազար դրամ: Անցյալ տարի եղել է 123 հազար: Այսինքն, տարեկան միջին ցուցանիշով, 110 հազար մարդ դուսր է գնում: Ճիշտ է, նրանց մի մասը հետ է գալիս, բայց, համեստ հաշվարկներով, 50-60 հազար մենք կորուստ են ունենում տարեկան: Սա մեր երկրի թիվ մեկ մարտահրավերն է, այս ընթացքը պետք է կանգնեցվի: Եթե սա չկանգնեցվի, դա հստակ է, որ Հայաստանի հայերով ուժեղացող Սփյուռքը թուլացնում է Հայաստանը»,-ասաց Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ տեղեկություններ ունեն, որ այսօրվա եռյակի հանրահավաքին լինելու են նոր մարդիկ, ոչ քաղաքական մարդիկ:
«Այդ մեխանիզմն է սկսել մեր ժողովրդի մոտ աշխատել, որ մարդիկ կարող են չհավատալ հարթակում կանգնած լիդերներից և ոչ մեկին, բայց մարդիկ փոփոխության կարիք ունեն: Այսօր մենք ունենք հանրահավաք և ժողովրդի պահանջը, քանակը, էներգիան ավելին է, քան մեր պահանջը»,-ասաց Մանուկյանը:
Նա հավելեց, որ հիասթափություն ժողովրդի մոտ չի առաջանա այսօրվա հանրահավաքից, բայց չի լինի նաև ցնցում բախում, արյունահեղություն:
«Լիդերները վերջում, տեսնելով իրավիճակը, կխորհրդակցեն, կքննարկեն, կորոշեն հետագա քայլերը: Որոշակի սցենարներ ընտրվել են, բայց դրանցից մեկը ծրագիր կդառնա՝ ըստ իրավիճակի»,- հավելեց Մանուկյանը: