Լուսանկարը՝ hetq.am-ի
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է, որն ընդունված է նշել Կոնգրեսում 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ելույթի առթիվ։ Այն առաջին անգամ նշվել է 1983թ. մարտի 15–ին:
Նախագահի ելույթում ձևակերպվել էին սպառողի 4 հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու իրավունքը։ Հետագայում դրանց գումարվել են ևս 4–ը՝ վնասի փոխհատուցման, սպառողական կրթության, հիմնական պահանջների բավարարման և առողջ միջավայրի իրավունքները։
Օրվա հետ կապված araratnews.am-ը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից առանձնացնում է, մի քանի կետեր, որոնք պարտադիր է իմանալ: Օրինակ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝՝ վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանք, որի որակը համապատասխանում է պայմանագրին: Իսկ 6-րդ հոդվածը նախատեսում է, որ վաճառողի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով:
Սպառողը նաև իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ ու ստույգ տեղեկատվություն, որը սահմանում է 9-րդ հոդվածը։
Սպառողների հաջորդ կարևոր իրավունքը, որը հաճախ է խախտվում մեր շուկայում (հոդված 23)՝ պատշաճ որակի ապրանքը փոխարինելու իրավունքն է՝ որտեղ նշվում է,որ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարած այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների։
Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: