տուն Լուրեր Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

135
0

ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից է: Այսօր Փարաջոնավի 94-ամյակն է:

Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է:

1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով:

Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»: