Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանը հայկական երաժշտարվեստի ամենաինքնատիպ դեմքերից է, երգի նշանավոր վարպետ:
Առնո Բաբաջանյանը 1929-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ. միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–56 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» ստեղծագործությունները:
Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Առաջին սիրո երգը» (1958, համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976), «Երջանկության մեխանիկան» (1982) և այլն: 1991-ին` Մոսկվայում, 1996-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ. կանգնեցվել է հուշարձանը: