տուն Լուրեր Այսօր Արմեն Ջիգարխանյանի 82-ամյակն է

Այսօր Արմեն Ջիգարխանյանի 82-ամյակն է

201
0

835507

Այսօր խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի ծննդյան 82-ամյակն է:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935-ի հոկտեմբերի 3-ին Երևանում:

1958 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան էր:
1969–96 թթ-ին Ջիգարխանյանը եղել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի դերասան. լավագույն դերերից են՝ Լևինսոն (Ալեքսանդր Ֆադեևի «Ջախջախում»), Ստենլի, Մեծ Պա (Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ», «Կատուն շիկացած տանիքին»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք») և այլն: Հայկական կինոյում ստեղծած լավագույն դերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Ղազարյան («Տղամարդիկ», 1972 թ.), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975 թ.), Իսայ («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մխիթար («Հուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ Արտեմ («Գիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), Ռազմիկ («Մենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), Աբրահամ («Վերադարձ», 2010 թ.) և այլն:
Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում (անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»), արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների: