Խոզի միսը թանկացել է անցած տարվա ցածր գնի պատճառով: Այս մասին Araratnews-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Սննդամթերքի թանկացումներ կան միանշանակ: Ուղղակի մենք չպետք է փաստենք, որ թանկացել է ամեն բան, ու ընկնենք խուճապի մեջ։ Պետք է փորձենք հասկանալ, թե մենք ինչու ենք հայտնվել այս վիճակում: Անցած տարի խոզի մսի բավականին էժան լինելու փաստից միայն ես էի մտահոգված ու ասում էի, որ պետք չէ այդքան ուրախանալ: Գյուղատնտեսության նախարարությունը ուրախ-ուրախ հայտարարում էր, որ տեսեք- տեսեք որքան էժան է խոզի մսի գինը: Ամբողջ աշխարհում գյուղամթերքի համար սահմանվում են իրատեսական գներ: Եվ եթե մթերքի գինը իրատեսական գնից բավականին ցածր է, ապա այստեղ պետությունը միայն պետք է մտահոգվի, որովհետև իրատեսականից ցածր գին առանց պատճառի չի լինում: Իրականում պատճառն այն էր, որ անասնակեր չկար, և գյուղացուն ձեռք չէր տալիս խոզաբուծությամբ զբաղվելը: Գյուղացին էլ ստիպված մորթում էր, և առաջարկը պահանջարկից շատ լինելու պատճառով էլ այդքան ցածր էր գինը: Այս տարի պատկերն այլ է: Խոզի գինը շատ բարձր է ոչ միայն անցած տարվա համեմատությամբ, այլ ընդհանուր իրատեսական գնից»:
«Մթերքների թանկացման վրա իր մեծ ազդեցությունն է թողել ոչ միայն Նոր տարվա տենդենցը, այլև դոլարի թանկացումները»,- հայտնեց Բաբկեն Պիպոյանը. «Մեր երկրում ներդրված չէ սննդամթերքի կառավարման և որակի ապահովման որևէ համակարգ: Սա արդեն նշանակում է, որ մենք վստահ չենք մեր գնած սննդամթերքի պարունակության և որակի վրա: Հիմա մենք գտնվում են հետամնաց երկրների մակարդակի վրա, երբ չգիտենք ինչ պարունակությամբ ենք գնում սննդամթերքն, ու ինչ որակ ունի այն: Տեղական ապրանքատեսակի մեջ էլ հիմա օգտագործվում է 40 տոկոս արտասահմանից ներմուծված հումք: Հաշվարկելով դոլարի գնի բարձրացումը և դրամի արժեզրկումը՝ պետք է սպասել բոլոր մթերքների գնի 4.4 տոկոսի աճի: Եթե դրանից ավել է լինում աճը, ապա դա մտահոգվելու տեղ է տալիս: Դեռ ոչ մեկ չի կարողանում այն հարցին պատասխանել, թե ինչու են կաթնամթերք արտադրող երկու ընկերություններ բարձրացրել կաթնամթերքի գինը, իսկ մեկն իջեցրել է: Այդ ինչպե՞ս եղավ: Հիմա էլ կասեն, որ գնաճը կանխելու լծակներ ունեն»:
Այս Ամանորը շատ ավելի խաղաղ պայմաններում է անցկացվելու, քան անցած տարի, հայտնեց Բաբկեն Պիպոյանը: «Այս տարի չենք սպասում կոկորդիլոս ուտողների ավելացումներ: Այս տարի համեմատաբար ավելի հանգիստ է անցնելու Ամանորը: Բոլոր կոկորդիլոս գնողները չեն, որ գոհ են մնացել իրենց գնումից»: