«Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» հկ նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկ հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ, գյուղատնտեսության, բնապահպանության և ԿԲ նախագահի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրենց կողմից նախապես գրավոր ներկայացված չորս հարցերին:
«Առաջարկել ենք, որպեսզի կառավարությունը ուսումնասիրության ենթարկի և արդյունավետ լուծումներ կիրառի արտահանման ընթացքում առաջացած խոչընդոտների դեմ, որը մեզ համար բարձր ինքնարժեքով հայկական ձկնամթերքը Ռուսաստանի շուկա արտահանելն է, քանի որ մենք, ի դեմս Թուրքիայի, ռուսական շուկայում ունենք մեծ մրցակիցներ: Ներկայում եվրոպական ձկնամթերքի արտադրությունը ռուսական շուկա դադարել է քաղաքական նպատակներով, բայց դեռ չգիտենք, թե որքան ժամանակ դա կտևի. սա ևս մեծ խոչընդոտներ կարող է առաջացնել Հայաստանի համար։
Աթոյանի խոսքով` պետք է մշակել համապատասխան ռազմավարություն տնտեսապես պաշտպանելու հայ արտահանողներին:
Հաջորդ հարցը ավելի փոքր մասշտաբի տնտեսությունների արտահանման իրավունքի ձեռքբերման մասին է: Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի փոքր տնտեսություններն էլ կարողանան իրենց արտադրանքը արտահանել ՌԴ, քանի որ արտահանման գործընթացը ծախսատար է, նրանք առաջարկել են, որ մի քանի մանր տնտեսություններ միավորվեն: Միջոցառումների իրականացման համար ծրագիր մշակեն և ներկայացնեն կառավարությանը:
Աթոյանը կառավարությանն առաջարկ է ներկայացրել, որ ստեղծվի աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարության և գյուղատնտեսության նախարարության մասնակցությամբ` այս խնդիրները լուծելու համար:
Այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, 30 տոկոսով աճել է ձկնամթերքի արտահանումը: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 1100 տոննա, իսկ այս տարի` 1300 տոննա: «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միասնություն» հկ նախագահն ասում է, որ իրենք դեռ իրենց ուսումնասիրությունը չեն կատարել:
«Մեր հետազոտությունն ու լիազորված կառույցների հայտարարությունները միշտ տարբերվել են իրարից»,- նշում է նա: