Երեկ տեղեկացրել էինք, որ Այգեհովտում քաղաքացիները չեն կարողանում հավաքել մոտ 150 տոննա խաղող, քանի որ հակառակորդն անընդհատ կրակում է: Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հակառակորդը հայերեն ձայնագրված տեքստեր է միացնում, որոնցում ասվում է, որ հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել, և իրենք թույլ չեն տա հավաքել իրենց տարածքի բերքը:
Araratnews.am-ի հետ զրույցում, սակայն, Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը նշեց, որ այսօր նման հայտարարություններ չեն եղել:
«Հայերեն լեզվով տեքստեր թշնամու կողմից մոտ մեկ շաբաթ առաջ է եղել: Հիմա տեքստեր չկան, բայց նրանք շարունակում են կրակելˋ թույլ չտալով, որ բերքը հավաքենք»,-նշեց գյուղապետը:
Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են նախաձեռնվում գյուղացիների կրած վնասը փոխհատուցելու համար, գյուղապետը պատասխանեց. «Նորից կփորձենք բերքը հավաքել, թեև չեմ կարծում, թե կստացվի: Եթե կրկին չստացվի, ապա կդիմենք կառավարություն՝ փոխհատուցում ստանալու համար»: