Ազատության հրապարակում շարունակվում է Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը:Ելույթով հանդես եկավ ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը: Նա հայտարարեց, որ գործող իշխանությունները ձեռնարկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հետապնդելով մեկ նպատակ՝ հաստատել քաղաքական մենաշնորհ, դրանով հավերժացնել իրենց իշխանությունը: Ստեփան Մինասյանը նշեց, թե «սահմանադրական փոփոխություններ»-ի տակ իշխանությունները քողարկում են տարատեսակ հանցագործություններ, իսկ գործընթացը ներկայացնում են իբր ցնցումներից խուսափելու եղանակ:
«Ասում են, որ ցնցումներ են լինում, առճակատում: Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ է ժողովուրդը ցնցումների մեջ ընկնում, որովհետև ընտրությունները կեղծում են: Զավեշտը հասնում է այնտեղ, որ սահմանադրական փոփոխություններ բացատրելու համար իշխանությունները հայեցակարգ են մշակել, ասում են, որ գործող Սահմանադրության երկրորդ հոդվածը տարիներ շարունակ չի գործել»,- ասաց նա:
Ստեփան Մինասյանը հայտարարեց թե՝ երկրում կա աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, ինչը իշխանության կողմից բացատրվում է Սահմանադրության թերի լինելով: «Այս սահմանադրական փոփոխությունները դարձրել են քավության նոխազ, դրա տակ պարտակում են դրա իրենց հանցանքները»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխություններ անցկացնելու իշխանության շտապողականությունը վկայությունն է այն բանի, որ Սահմանադրության փոփոխման գործընթացը իրենց իսկ վերարտադրության համար է արվում: «Այս իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոխի»,- եզրափակեց Մինասյանը: