Այսօր ՀՀ Աժ-ում քննարկվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցերով դիմեց Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.
«Մոտ քանի՞ բնակավայրի է սա վերաբերում: Շատ բարդ օրենսդրական նախագիծ է: Փաթեթը կարելի է բաժանել մոտ երեք մասի: Ուզում եմ իմանալ, եկամտահարկի մասով ինչ-որ արտոնություններ տալի՞ս եք: Մենք մտնում ենք ԵՏՄ, եթե հայն աշխատում է Ռուսաստանում, իսկ ՌԴ օրենքն ասում է, որ եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի ու ֆեդերալ բյուրոյի բյուջեի միջև: Մենք իրավունք ունե՞նք ՌԴ-ից պահանջել, որ մեր ռեզիդենտի եկամտահարկի մի մասը փոխանցի Հայաստանի համապատասխան համայնքի բյուջե: Գիտեք, որ հարկային փոփոխությունը սկսվում է էրոզիայի գործընթացով: Այս հարկային փոփոխությունը մտցնելուց հետո հարկային համակարգը կդիմանա, թե ոչ»:
Ի պատասխան Հ. Բագրատյանի հարցին, հիմնական զեկուցողն ասաց.
«Առաջարկվում է, որ այդ ցանկը առաջ քաշի Կառավարությունը: Գիտեք, որ սահմանամերձ բնակավայրերի թիվը շատ մեծ է: Նախնական հաշվարկներով` մինչև 47 համայնք է ներառված: Աշխատավարձի մասով օրենքը փոփոխություն չի նախատեսում: Բոլոր քաղաքացիներն, այդ թվում` սահմանամերձ բնակավայրերի, վճարելու են եկամտահարկ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված` այսօրվա ընդունված միջազգային համաձայնագրերով նման մոտեցում նախատեսված չէ: Միջազգային փորձում նման բան արձանագրված չէ:
Համաձայն եմ Ձեր այն տեսակետի հետ, որ դա հարկային կոռոզիաների կհանգեցնի, բայց մենք օրենսդրական ձևակերպումներն այնպես ենք կատարել, որ դրանց հնարավորինս քիչ վնաս հասցվի»,- իր խոսքում ասաց Միրումյանը: