Այս բյուջեի նախագիծը ես համարում եմ իներցիոն բյուջե: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իներցիոն բյուջե, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն, և ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի չեն առնված նախագծում, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և չեն ներառվի: Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական և, ես կասեի՝ շրջադարձային փոփոխություններ»,- նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է իրենց տնտեսական քաղաքականությանը, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Բյուջետային մեր քաղաքականությունը և, ընդհանրապես, մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, և մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման տրամաբանությունը: Այս հարցը մեզ համար ունի խիստ գաղափարական նշանակություն, որովհետև քաղաքական մեր գործունեության ողջ ընթացքում, և դա արձանագրված է նաև մեր կուսակցության ծրագրում, որպես հանրային փոփոխությունների կարևորագույն պայման մենք համարում ենք անհատական ջանքը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: