Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի ժամանակ թեկնածու Էդգար Ճաղարյանից պատգամավորներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք հեղափոխությունից հետո շաքարի և բանանի ներմուծման շուկայում ակտիվություն նկատվո՞ւմ է:
Ճաղարյանն արձագանքեց, որ բանանի ներմուծումը սպեցիֆիկ է:
«Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից շատերը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես: Չես կարող այսօր բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն: Այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ու մենաշնորհը վերանա»,- ասաց Ճաղարյանը:
Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասաց, որ խնդիրը որակի մեջ է․ «Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ միայն զբաղվում են պահածո և հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետև քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել»։