տուն Լուրեր ԱՈՒԿ-ՑԻՆԵՐԻ հերթական սերունդն ունի հաջողության երաշխիքներ և ուղետոմս՝ դեպի փայլուն ապագա

ԱՈՒԿ-ՑԻՆԵՐԻ հերթական սերունդն ունի հաջողության երաշխիքներ և ուղետոմս՝ դեպի փայլուն ապագա

142
0

Նրանք հավատում են, համոզված են, որ կարող են փոխել աշխարհը: Փոխել դեպի էլ ավելի լավը: Նրանց պատրաստել են ազատ թռիչքի, սլացքի, եւ մեկնարկի հանդիսավոր պահը այսօր էր՝ հունիս 5-ին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման հայ-ամերիկյան կենտրոնը առինքնող շքահանդեսով ճանապարհեց շրջանավարտների 19-րդ սերնդին: Ի տարբերություն նախորդ բոլոր տարիների, հանդիսությունը ԱՈՒԿ-ի շատ խորհրդանշական՝ «Երազանքների սրահում» էր, ինչն էլ ավելի ոճային ու ժամանակակից փայլ էր հաղորդել արարողությանը:

Այստեղ, հենց այս սրահում նոր ընդունված վախվորած երիտասարդները մինչ ուշ երեկո ջանացել, տքնել ու բանավիճել են, ոգեշնչվել, երբեմն էլ հուսահատվել են, երազել ու ծրագրեր են հղացել: Եւ հիմա եկել է պահը երախտիքի խոսք հղելու հարազատ բուհին, ծնողներին, դասախոսներին, որոնք օգնեցին, որ պատվով հաղթահարեն բոլոր մարտահրավերները: «ԱՈՒԿ-ի դասախոսական կազմ, գիտեմ, որ խոսում եմ բոլորի անունից, երբ ասում եմ շնորհակալություն ձեր համբերատարության, աջակցության եւ մշտական ուղղորդման համար, բայց ամենակարեւորը, շնորհակալություն մեզ ստիպելու եւ օգնելու համար, որ մենք համապատասխանենք ամենաբարձր չափորոշիչներին»-հրաժեշտից առաջ ասաց մագիստրոս Անի Սարիբեկյանը:

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, որը նախկինում ղեկավարել է ԱՈՒԿ-ը, երիտասարդներին պատգամեց, որ հիշեն. «Այս գերազանց կրթական հաստատությունը արդյունք է Ագրարային համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Տեխասի A&M համալսարանի փայլուն համագործակցության» եւ հորդորեց շնորհակալությամբ միշտ հիշել, որ բացառիկ, բարձրակարգ ուսումնառության հնարավորությունը ստեղծվել է հենց այդ՝ գործընկերային փոխըմբռնման եւ աջակցության շնորհիվ:

ԱՈՒԿ գաղափարի հղացող-ոգեշնչող-իրագոծմանը մշտապես աջակցողներից մեկը՝ դոկտոր Ջոն Նիքըլըզը ԱՄՆ-ից, ուղիղ կապով ողջունեց ու քաջալերեց երիտասարդներին:

61796685_331109880917004_8072654821133385728_n

Բակալավրիական եւ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտներին բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ծրագրերի տնօրեն Դեբորա Գրիզերը եւ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը: Ի դեպ, վերջինը նույնպես ԱՈՒԿ-ի շրջանավարտ է եւ իր փորձով գիտե, համոզված է, որ ավարտելուց հետո էլ երիտասարդները մնալու են ԱՈՒԿ-ի մեծ, հարաճուն ընտանիքի անդամներ: Ընտանիք, որտեղ իշխում է սերը մեկմեկու եւ աշխատանքի, գիտելիքի նկատմամբ: Որտեղ յուրաքանչյուրը կարող է ակնկալել աջակցություն եւ բոլորը կարող են սատարել իրար: Որտեղ խրախուսվում են ստեղծագործ միտքն ու երեւակայությունը, եւ սովորում են չընկրկել, չվախենալ դժվարություններից, մարտահրավերներից:

Կրկնելով տիկին Դեբորա Գրիզերին մենք էլ համոզված փաստենք, այս երիտասարդներին փայլուն ապագա է սպասվում: