տուն Լուրեր Ավարտվել է «Մոսկվա Օփեն» մրցաշարը. հայ շախմատիստների արդյունքները

Ավարտվել է «Մոսկվա Օփեն» մրցաշարը. հայ շախմատիստների արդյունքները

92
0

Մոսկվայում ավարտվել է «Մոսկվա Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որին ավանդաբար մասնակցում էին մեծ թվով հայ շախմատիստներ: Փառատոնի շրջանակներում անցկացվել են 5 տարբեր մրցաշարեր՝ A, B, C, D1 և D2: Հայաստանը ներկայացված էր A, B և C մրցաշարերում:

A մրցաշարի հաղթող է դարձել 16-ամյա միջազգային վարպետ Սեմյոն Լոմասովը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և առաջ անցել մրցաշարին մասնակցող 16 գրոսմայստերներից: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 6,5 միավորով կիսել է 6-16-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հանգրվանել է 11-րդ հորիզոնականում:

B խմբում, որին մասնակցում էին միայն կանայք, հաջող է հանդես եկել Սուսաննա Գաբոյանը: Մեր շախմատիստուհին մրցաշարի ամբողջ ընթացքում գտնվում էր առաջատարների խմբում և պայքարում էր ամենաբարձր հորիզոնականների համար: Վերջին տուրում հաղթանակի դեպքում Գաբոյանը կգրավեր 2-րդ հորիզոնականը և կլրացներ կանանց գրոսմայստերի նորմա:

Ունենալով ամբողջովին հաղթած դիրք` Գաբոյանը կոպիտ վրիպում է թույլ տվել և պարտվել: Արդյունքում նա գրավել է միայն 13-րդ հորիզոնականը, սակայն 4-րդ անգամ լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա և 50 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: Գաբոյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2212 կետ և ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսին նրան կշնորհվի կանանց միջազգային վարպետի կոչում: 8 միավորով կանանց մրցաշարի հաղթող է դարձել Անաստասիա Բոդնարուկը:

C մրցաշարի հաղթող է դարձել Իգոր Վոլկովը, ով իր ակտիվում գրանցել է 8 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող են հանդես եկել Խաչատուր Մեսրոպյանը և Վահագն Խաչատրյանը: Նրանք վաստակել են 7-ական միավոր և կիսել են 4-19-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մեսրոպյանը գրավել է 12-րդ, իսկ Խաչատրյանը՝ 14-րդ հորիզոնականը: