տուն Լուրեր Ավարտվեց աշխարհասփյուռ երիտասարդների ուխտագնացությունը դեպի Արցախ

Ավարտվեց աշխարհասփյուռ երիտասարդների ուխտագնացությունը դեպի Արցախ

152
0

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կայացավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը, որը համախմբել էր շուրջ 300 ուխտավոր: ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով համահայկական հավաքին տարբեր հանգրվաններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և այլ այրեր: Ուխտագնացությունը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Երիտասարդներին ողջունեցին նաև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Արցախի ճանապարհին ուխտավորների առաջին կանգառը Նորավանքում էր, ուր նրանք ծանոթացան վանական համալիրի պատմությանը և իրենց աղոթքները վերառաքեցին առ Աստված: Հուլիսի 5-ին աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հանդիպեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ԱՀ նախագահին, ստանալու Պարգև սրբազանի հորդորները և ևս մեկ անգամ շնորհավորելու Արցախի թեմի հաստատման 30-ամյակի առիթով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պետական այրեր:

Ուխտագնացության օրերին երիտասարդներն այցելեցին նաև Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ խոնարհեցին և աղոթք վերառաքեցին արցախյան ու ապրիլյան պատերազմներում զոհված հերոսամարտիկների հոգու հանգստության համար, ինչպես նաև հանդիպեցին մերօրյա հերոսների` Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինվորների հետ: Խոջալուի զորամասում երիտասարդները ծանոթացան զինվորականների առօրյային, տեսան նրանց բազկի ուժն ու հերոսական ոգին: Ի գնահատում և ի երախտագիտություն հայրենյայց պաշտպանների` տեղի ունեցավ լավագույն զինվորների խրախուսական պարգևատրում: Այս տարի հավաքի գործնական մասը անցավ նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկեցին իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 5 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային և սոցիալական: Քառօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները ծանոթացան Արցախի հերոսական պատմության ու հայրենի սրբավայրերի հետ` այցելելով Տիգրանակերտ, Ամարասի վանք, Դադիվանք… Երիտասարդական հավաքն ավարտվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում` ուխտի Սուրբ Պատարագով: Հայ Եկեղեցու

Համաշխարհային Երիտասարդական Միավորման մամլո դիվան

 

66366714_667273783738685_8573454630686556160_n 66783360_439977860185684_2602057665144160256_n 66640964_2110045842455936_4594791244877529088_n