Այսօր Ազգային ժողովում ընթացող «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումների ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին` ասեով.
«Սակագնի մեթոդաբանության 16-րդ և 17-րդ կետերը հստակ ասում են, որ պետությունը պարտավոր է վնասը, որ կրում է ՀԷՑ-ը, փոխհատուցել երեք տարվա ընթացքում համապատասխանաբար` 1/3-ի չափով: Մեր առաջարկն ընդունվել է, որ միանգամից պետք է տրվի փոխհատուցումը: Եթե մենք մեկ տարի առաջ անեինք այդ միանգամից բարձրացումը՝ այս թանկացումը չէր լինի: Չէին վերցնի բարձր տոկոսադրույքներով վարկեր ու սակագնի վրա չէր անդրադառնա: Եթե ատոմակայանը չի աշխատել, այն ՓԲԸ է, պետությունը իր չարտադրած էլեկտրաէներգիայի համար պետք է միջոցներ գտնի 24 միլիարդի չափով, բաժանի բոլոր արտադրող կայանների և ՀԷՑ-ի միջև, և մենք այդ վնասը սակագնի վրա չենք զգա»:
Մելքումյանն ասաց, որ առաջարկը ներկայացրել է վարչապետին ևս:
«Այսօրվա սակագնի վրա մենք զգալու ենք միայն այդ 37 միլիարդ դրամ պարտքը,- ի պատասխան ասաց Նազարյանը:
«Ըստ վերլուծությունների` դա ՀԷՑ-ի հետ կապված չէ, նրա գործունեության հետ որևէ առնչություն չունի: Էներգետիկ հաշվեկշիռը չի պահպանվել մի տարի սակավաջրության, հաջորդ տարի` սակավաջրության ու ատոմակայանի չաշխատելու պաիճառով: Ես կարծում եմ` Աստծո մատը այստեղ խառն է: Եթե սակավաջրություն է, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց նա: