Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջի խախտման մասին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. մայիսի 10-ին տեղեկության գրավոր հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, կամենալով ստանալ մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից):
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հարցումն ստացել է 2017 թվականի մայիսի 20-ին, սակայն մինչ օրս չի պատասխանել տեղեկության հարցմանը եւ չի տրամադրել հարցված տեղեկությունները: Այս անգործությամբ Գ.Գրիգորյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ եւ մասնավորաբար՝ 9-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանի հնգօրյա ժամկետը:
Ավելի վաղ, սկսած 2016 թվականի նոյեմբերից, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անպտուղ ջանքեր ներդրել թանգարանի խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանից ստանալու այն նույն տեղեկությունները, ինչ հարցվել է մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանից. մասնավորաբար՝ ՊՈԱԿ-ի բոլոր թանգարանային առարկաների ամբողջական ցանկը: Տիկին Գրիգորյանը ակումբի գործավարի զանգին եւ հեռախոսային հարցմանը՝ թե ինչու չեն բարեհաճում տրամադրել հարցված տեղեկությունները, բերանացի պատասխանել է, թե իրենք չեն կարող թույլ տալ, որ թանգարանային առարկաների ցանկը ինչ-որ մեկը պարզապես իր գրպանում ունենա:
Այս վարմունքը, հուշում է որ Հայաստանի պատմության թանգարանում դժվարություն ունեն ընկալելու հանրային ունեցվածքի եւ, մանավանդ, թանգարանային ունեցվածքի հրապարակայնության անհրաժեշտությունը, թանգարանի խորհրդի նախագահը եւ տնօրենը, փոխանակ թանգարանային ցուցանմուշների ամբողջական ցանկը հրապարակեին իրենց կայքում, ինչ-որ խորհրդավոր տրամաբանությամբ, որոշել են հանրությունից գաղտնի պահել այն:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է այսօրինակ իրավազանցությունը, դիմելով ՀՀ մշակույթի նախարարին, կոչ է անում կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, իրավաբանական խորհրադատվություն իրականացնել վերջինիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները:
Հայտարարության ավարտը
Հարցման բովանդակությունը.
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին
Հասցե. ՀՀ, Երեւան, Հանրապետության հրապարակ՝ 4
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանից
Հասցե. Հայաստան, 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-3/2017
Թվագրված`10 մայիսի, 2017թ.
Հարգելի պարոն Գրիգորյան,
Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրինած թանգարանային բոլոր առարկաների անվանացանկը, նշելով, թե հարցմանը պատասխանելու դրությամբ որտեղ են գտնվում այդ առարկաներից յուրաքանչյուրը (ցուցադրություն թանգարանում, ցուցադրություն այլ վայրում, պահոց եւ այլն):
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, կանոնադրությունը, 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ օրս գումարած նիստերի արձանագրությունների պատճենները եւ կայացրած որոշումները:
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի 2016 եւ 2017 թթ. բյուջեն, առկա հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:
Տեղեկություն այն մասին, թե որտե՞ղ է ՊՈԱԿ-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հրապարակել բյուջեն, հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:
Հնարավորության դեպքում խնդրում եմ հարցմանս պատասխանել իմ էլեկտրոնային հասցեին. [email protected]
Տեղեկություններ հայցող՝ Լ.Բարսեղյան