Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չվրիպեցին, ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մի շարք խոշոր պարբերականների ուշադրությունից: Բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչպես է ռուսական մամուլը խեղաթյուրում փաստերը, իսկ ահա արտասահմանյան մի շարք խոշոր պարբերականներ դիտարկել են դեպքերն այլ տեսանկյունից: Ձեզ ենք ներկայացնում արտասահմանյան մի քանի խոշոր պարբերակնների՝ հայաստանյան դեպքերին կատարած անդրադարձը:
BBC. Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է ԼՂ-ի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով
Ոստիկանների գործադրած բռնությունների մասին խոսելով՝ BBC-ին իր հոդվածներից մեկում գրում է, որ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսական ընկերություն է, որը պնդում են, որ սակագնի գինն անխուսափելի է արժույթի արժեզրկման պատճառով: Ուշագրավ է, որ հոդվածի վերջում նշում է՝ «Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ, այն բանից հետո, երբ փակեց իր տարածքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով»: Նյութի նման վերջաբանն արդեն իսկ որոշակի քաղաքական երանգներ է հաղորդում իրադարձություններին:
Ռեպորտաժներից մեկում էլ ասվում է, որ մարդիկ դժգոհում են էլեկրտաէներգիայի թանկացման դեմ՝ պնդելով, որ սա անարդար է: BBC-ին կատարվող իրադարձություններին այլ որակումներ չի տալիս:
The Guardian. Հայաստանը նոր մայդանի վայր չէ. այստեղ մայդան մի սարքեք
Եթե BBC-ին որակումներ չի տալիս, ապա բրիտանական խոշոր պարբերական The Guardian-ը կոչ է անում տարանջատել «մայդան» և «Հայաստան» բառերը: «Հայաստանը նոր մայդանի վայր չէ. այստեղ մայդան մի սարքեք» վերնագրով հոդվածում ասվում է. «Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ցույցը ոչ մի ընդհանուր բան չունի Ուկրաինայի դեպքերի հետ, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները սովորույթ են դարձրել ինքնաբուխ մարգարեություններ անել այս առնչությամբ»:
Ռուս գործընկերների աշխատանքին անդրադառնալով՝ The Guardian-ը նշում է, որ լավ կլիներ նման հայտարարություննր չանել, քանի որ դա ավելի կվատթարացնի վիճակը: Իսկ հոդվածի վերջում ասվում է. «Ռուսաստանը պետք է հասկանա, որ ցուցարարները ոչ թե Կրեմլից են դժգոհ, այլ սեփական կառավարման համակարգից»:
Պարբերականը հետաքրքիր է ներկայացնում նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ գրելով, որ հիմա դրանք սերտ են և փողոցում հավաքված շատ հայեր ցանկանում են դրանք ավելի սերտ համատեքստում տեսնել:
The Guardian-ը ներկայացնում է նաև «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովի այն տեսակետը, որ պայքարը Հայաստանում դուրս է եկել տնտեսական շրջանակներից և տեղափոխվել է քաղաքական: Իր բոլոր հոդվածերում The Guardian-ը, խոսելով պայքարի քաղաքականացվածության մասին, հղում է անում ռուսական կողմին, մինչդեռ ինքն անձամբ իրադարձությունները դիտում է տնտեսական շրջանակում՝ հղում անելով հայերի տրամադրվածությունը:
Սա թույլ է տալիս եզրակացնել, որ պարբերականը հայերի կողմից հարցի քաղաքականացում չի տեսնում, մինչդեռ որոշակի ենթատեքստերով մեղքի բաժինը վերագրում է ռուսական կողմին: Այս նյութերից զատ The Guardian-ը ներկայացնում է նաև ֆոտոշարքեր և տեսանյութեր Բաղրամյան պողոտայից:
Euronews. զուգահեռ թանկանալու են նաև միսը, հացը և մի շարք այլ մթերքներ
Անդրադառնալով թանկացմանն պատճառներին՝ Euronews-ը առաջ է քաշում այն տեսակետը, որ պատճառը Ռուսաստանում ստեղծված տնտեսական ծանր ճգնաժամն է: Իր հրապարակումներում Euronews-ը մեծամասամբ հղում է անում ցուցարարներին: «Մենք շարունակելու ենք պայքարել: Նրանց ճնշումը չի կարող վախեցնել մեզ: Սա առաջին անգամը չէ, որ մենք այս պողոտայում ծեծի ենք ենթարկվում ոստիկանության կողմից»,-գրում է լրատվամիջոցը:
Euronews-ը, կիկին հղում անելով քաղաքացիներին, ընդգծում է նաև, որ էլէներգիայի թանկացման հարցը միակողմանի չէ, քանի որ միայն սակագինը չէ, որ թանկանալու է, դրա հետ զուգահեռ թանկանալու են նաև միսը, հացը և մի շարք այլ մթերքներ:
Ինչպես տեսնում ենք, այս պարբերականները հնարավորինս օբյեկտիվ և չեզոք են ներկայացնում իրավիճակը՝ առանց պայքարում քաղաքական տարրեր փնտրելու, միևնույն ժամանակ դրանցում որոշակի դրսևորումներ և թույլ արտահայտված գնահատականներ կան: Այն որ բոլոր վերը նշված լրատվամիջոցներն ընդգծում են՝ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսական ընկերությունն է, սակագնի թանկացումը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ: BBC-ին անգամ ակնարկ է անում, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել ԼՂ-ի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով:
Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ այս պարբերականները Հայաստանում կատարվող իրադարձությունների հետևանքները փնտրում են Հայաստանի սահմաններից դուրս:
Վարդուհի Ստեփանյան