Մի քանի օր է` ուշադրության կենտրոնում է «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ ստեղծված աղմուկը: Մասնավորապես, կաթնամթերքի շուկայում հիշյալ ապրանքանիշը վերջին օրերին բացակայում է: Տեղեկություններ կան, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով սնանկ է ճանաչվել: Բացի այդ, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` «Աշտարակ կաթը» վաճառվել է երրորդ անձի: Գնորդը, ըստ տեղեկությունների` Արցախից է:
Araratnews.am-ը ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանին գրավոր հարցում էր ուղարկել: Մասնավորապես, խնդրել էինք ներկայացնել, թե ինչո՞ւ է «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը բացակայում կաթնամթերքի շուկայում, ունի՞ արդյոք ընկերությունը ֆինանսական խնդիրներ, եւ ինչպե՞ս են դրանք գոյացել: Բացի այդ, փորձել էինք ճշտել, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, որ ընկերությունը վաճառվել է, եւ եթե այո, ապա ո՞ւմ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում կրած վնասների արդյունքում ընկերությունը կրեդիտորական պարտքեր է կուտակել աշխատակիցների, կաթ մթերող գյուղացիների, գործընկերների ու պետության հանդեպ, ինչի հետևանքով առաջացել է շրջանառու միջոցների խիստ պակաս: «Աշտարակ կաթը» ներկայումս իրականացնում է հակաճգնաժամային ծրագիր, որի շրջանակներում դիտարկվում են ստեղծված վիճակից դուրս գալու տարբերակները՝ հնարավորինս շուտ սպառողին ներկայացնելու ընկերության արտադրանքը»,- նշված է մեր հարցերին ի պատասխան: Ակնհայտ է, որ ընկերությունը խուսափել է անդրադառնալ վաճառքի մասին հարցմանը:
Փայլակ Ֆահրադյան