Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: