Թեև կրծքագեղձի քաղցկեղը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում ամենատարածված ուռուցքային ախտաբանությունն է, սակայն եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում և ժամանակին սկսվել է բուժում, կանանց մեծ մասը հաղթում է այս սարսափելի հիվանդությունը: Պարզապես պետք է հետևել կրծքագեղձերի ինքնահետազոտության կարգին, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր կին:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները
Բժիշկները կոչ են անում. վաղ փուլում կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերելու և հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար պետք է ոչ միայն կանոնավոր այցելել բժշկի, այլև ինքնուրույն ամեն ամիս կրծքի հետազոտություն կատարել, ցանկալի է` դաշտանային ցիկլ սկսվելու 6-8-րդ օրը: Դաշտանադադարի շրջանում նույնպես պետք է կատարել ամիսը մեկ անգամ, ցանկալի է` դրա համար ընտրելով որոշակի օր կամ ամսաթիվ:
Կրծքագեղձերի ինքնահետազոտության ալգորիթմ
Քայլ 1
Սկսեք կրծկալը զննելուց այն տեղերում, որտեղ դրանք շփվում են պտուկների հետ, և համոզվեք, որ դրանց վրա որևէ բիծ չկա: Բծերի առկայությունը կարող է վկայել կրծքագեղձերից արտադրության մասին:
Քայլ 2
Մերկացեք մինչև գոտկատեղ և կանգնեք հայելու առաջ` ձեռքերը գլխի հետևում: Դիտեք կրծքագեղձերի ձևն ու համաչափությունը, մաշկը և շրջագիծը և համոզվեք, որ դրանց վրա չկան կիտրոնի կեղև հիշեցնող հատվածներ, չկան կարմրություն, թեփոտություն, ներս ընկած տեղեր և այլ արատներ:
Քայլ 3
Կրծքի անհամաչափությունը ոչ միշտ է վկայում ախտաբանական պրոցեսի առկայության մասին: Հաճախ երկու կրծքագեղձերի ձևն ու չափսը կարող են տարբերվել, և դա բնական է: Բնության մեջ համաչափություն գոյություն չունի: Սակայն եթե անհամաչափությունն աճում է, պետք է այդ ախտանշանը չանտեսել, այլ անհապաղ դիմել մասնագետի:
Քայլ 4
Ցուցամատով և բութ մատով հերթով սեղմեք աջ և ձախ կրծքերի պտուկները: Եթե սեղմելիս կրծքագեղձից հեղուկ է արտադրվում, ուշադրություն դարձրեք դրա բնույթին (կաթնային, արյունային, թարախային):
Քայլ 5
Հաջորդ փուլը կրծքագեղձերը պառկած վիճակում հետազոտելն է: Պառկեք մեջքի վրա և թուլացեք: Հետազոտվող կրծքի կողմից թիակի տակ դրեք ոչ մեծ գլանիկ, որպեսզի կրծաքանդակը բարձր լինի, իսկ կրծքագեղձը դրա վրա փռվի: Ձախ ձեռքի իրար միացված 3-4 մատներով շրջանաձև շարժումներով սանտիմետր առ սանտիմետր շոշափեք աջ կրծքագեղձը: Շոշափեք գեղձը շրջանագծով, վերից վար կամ հատվածներով:
Ամեն անգամ հետազոտությունը միատեսակ անցկացրեք, հաստատ համոզվելու համար ախտաբանական պրոցեսների բացակայության կամ հայտնվելու մեջ: Նույն կերպ հետազոտեք ձախ կրծքագեղձը, պարզելու, թե չկան արդյոք կոշտացման կամ զգալի փափկեցման հատվածներ, շոշափելիս ցավոտություն կամ գեղձի կազմության այլ փոփոխություններ:
Քայլ 6
Մատներով շոշափեք թևատակի հատվածի ավշահանգույցները: Ուշադրություն դարձրեք ցավոտ կոշտացումներին առկայությանը, ավշահանգույցների մեծացմանը, այտուցվածությանը կամ մաշկի կարմրությանը: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի հետագա հետազոտության համար:
Քայլ 7
Կարելի է և պետք է կրծքագեղձերի ստուգողական հետազոտություն անցկացնել ցնցուղի տակ: Օճառոտ մատներով երբեմն ավելի դյուրին է կրծքում ախտաբանական պրոցեսներ հայտնաբերել:
Շատ կարևոր է կանոնավորապես կրծքի ախտորոշում անցկացնել, սա կօգնի ուսումնասիրել ձեր կրծքագեղձերի նորմալ կառուցվածքը և նորագոյացության առաջացման դեպքում հեշտորեն որոշել` եղե՞լ է այն նախկինում, թե՞ վերջերս է հայտնվել:
Չմոռանաք կես տարին մեկ անգամ այցելել մամոլոգի կամ գինեկոլոգի և հիշեք` դուք ինքնուրույն հետազոտություն եք անցկացնում համոզվելու համար, որ կատարյալ առողջ եք, այլ ոչ թե հիվանդություն գտնելու: