Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս գիշեր ֆեյսբուքում հայտարարություն է տարածել ոստիկանության համար.
«Հիմա Ձեր հսկողության տակ է գտնվում Թուրքիայի քաղաքացի, ծագումով ալևի Ռոբին Սալմին, որը Թուրքիայից փախել է Վրաստան, և այնտեղից եկել Հայաստան։ Մոտ յոթ օր գտնվել է Ազգային անվտանգության մարմինների հսկողության ներքո, ներկայումս գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տրանզիտ գոտում՝ ոստիկանության հսկողության ներքո։ Խոսում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։
Ռոբին Սալմին քաղաքական ակտիվիստ է և Թուրքիայից փախել է քաղաքական հետապնդումների պատճառով։ Եթե նրան վերադարձնեք Թուրքիա, ապա շատ մեծ վտանգների կարող է ենթարկվել՝ ազատազրկում, բռնություններ և այլն․․
ՀՀ Սահմանադրությամբ այլ երկրներում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք ունեն քաղաքական ապաստանի իրավունք և Ռոբին Սալմիին պետք է տրվի նման ապաստան։
Խնդրի մասին իրազեկել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։
Ահազանգել եմ ԱԱԾ և նրա սահմանապահ ծառայության հերթապահ մասեր»։
Մեկ այլ գրառմամբ Արթուր Սաքունցը դիմում է ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին. «Ռոբին Սալմին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ է, և միայն այս տարի է ազատվել բանտից և նրա վերադարձնելը Թուրքիա կվտանգի նաև նրա կյանքը․․
Այսինքն Ռոբին Սալմիի հանձնումը կամ վերադարձումը Թուրքիա կհանդիսանա մարդու իրավունքների լրջագույն խախտում․․․»։