Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կմասնակցի Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Մասնագետը նշեց, որ Ալեքսանյանն արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Վնասվածքներից չի բողոքում: Ինչ վերաբերում է նրան, որ Ալեքսանյանն իր սեփական միջոցներով է բուժվել ԱՄՆ-ում, ապա Ջուլֆալակյանն ասաց, որ դա եղել է մարզիկի ցանկությունն ու նախաձեռնությունը:
«Արթուր Ալեքսանյանն իր ցանկությամբ է մեկնել: Արթուր Ալեքսանյանին բացառված է, որ մեր պետությունը, մեր նախարարությունը, մեր ազգային օլիմպիական կոմիտեն չֆինանսավորի, դա բացառված է: Պահ ստացվեց, որ նրա ընկերները հրավիրեցին, պայմաններ ստեղծեցին, նա էլ, իր որոշումով, մեկնեց Ամերիկա եւ բուժումներ անցավ»,- ասաց նա՝ հաստատելով, որ թեման մեկընդմիշտ փակված է:
Եվրոպական 2-րդ խաղերը Մինսկում կայանալու են ամռանը: Սկսվելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են հուլիսի 21-ին: