Արթիկի շրջանում երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է շնչառական ուղիների պաթոլոգիան` զանազան վիրուսային, միկրովիրուսային հիվանդություններ,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, մանկական բաժնի վարիչ Արտաշես Մողրովյանը :
«Մեր մանկական նպատակային ծրագրերի հետ կապված թերսնուցման խնդիրը մարզում փոքր-ինչ բարվոք է: 0-1 տարեկան երեխաների մոտ ցուցանիշն ամենագոհացնողն է` կապված կրծքով կերակրմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ: Իսկ 1 տարեկանից բարձր երեխաների մոտ խնդիրը նկատելի է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմանների հետ կապված` նրանք չեն ստանում անհրաժեշտ սնունդը»,- ասաց նա:
Արտաշես Մողրովյանի խոսքով` առողջապահության ոլորտի բարեփոխումներից հետո հիվանդանոցը տուժել է. մանկական ստացիոնարները խիստ անբարեհաջող վիճակում են հայտնվել, քանի որ դրանք միացվել են թերապևտիկ բաժանմունքներին, ինչի հետևանքով` կադրային հագեցվածությունը խիստ վատ վիճակում է: Դրանից տուժում է շուրջօրյա բուժօգնությունը, որակյալ բժշկական օգնության կազմակերպումը:
«Ֆինանսավորումն է փոքրացել, ինչից ելնելով էլ` որակյալ սպասարկում իրականացնել դժվար է հաջողվում»,- ասում է մանկաբույժը:
Միաժամանակ, նա փաստում է, որ Արթիկում խիստ նպատակային են տրամադրվում դեպի Երևան ուղեգրումները` միայն նեղ մասնագիտական հետազոտությունների համար: