Վիճակագրական ծառայությունը արդեն ներկայացրել է երրորդ եռամսյակի կտրվածքով նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ տեսնում ենք, որ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալները անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20%-ով: Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6%-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով: Բազմիցս գրվել է, որ արտահանման տեմպերի կրճատումը պայմանավորված է հիմնականում ռուսական ռուբլու արժեզրկմամբ և ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ծավալների կրճատմամբ: Ռուսական ուղղությամբ արտահանման անկումը մասսամբ փոխհատուցվել է պղնձի խտանյութի արտահանման ծավալների զգալի ավելացմամբ՝ դեպի ԵՄ և Չինաստան: Իսկ ներմուծման զգալի կրճատումը պայմանավորված է եղել բնակչության եկամուտների նվազմամբ, այստեղ հատկապես զգալ է տալիս նաև Ռուսաստանից տրանսֆերտների կրճատումը: Արտաքին առևտրի պակասորդը նվազել է 48%-ով, որը, ինչպես հասկանալի է, պայմանավորված է ոչ թե արտահանման աճով, այլ ներմուծման զգալի կրճատմամբ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը բնորոշ չէ միայն Հայաստանին՝ մեր կովկասյան 2 հարևանների մոտ նույնպես կրճատման միտումներ են նկատվել: Այսպես՝ Վրաստանում արտաքին առևտրաշրջառանության ծավալները ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների նվազել է 12,8%-ով երրորդ եռամսյակի դրությամբ: Վրաստանում ներմուծումը նվազել է 9%-ով, իսկ արտահանման ծավալները նվազել է 23,6%-ով: Այստեղ բացասական առևտրային հաշվեկշիռը նույնպես կրճատվել է 9%-ով: Արտահանումը դեպի ԵՄ երկրներ, եթե աճել է 2% -ով, ապա դեպի ԱՊՀ երկրներ այն կրճատվել է 44%-ով, որտեղ Ռուսաստանի հետ առևտուրը կրճատվել է 47,1%-ով: Արտահանման հիմնական ապրանքներից կրճատվել է՝ պղնձի հանքաքարի և խտանյութի (7,3%-ով) և երկաթի համաձուլվածքի՝ մանգանի արտահանումը (27,6%-ով): Զգալիորեն նվազել է նաև ավտոմեքենաների վերաարտահանումը՝ 65,5%-ով: Նվազել են նաև գինու և հանքային ջրերի արտահանման ծավալները: Ինչպես նշեցինք, նշված արտահանվող ապրանքների կրճատումը պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրների արտահանման նվազմամբ:
Ադրբեջանում, ըստ այդ երկրի Պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար կրճատվել է 35,7%-ով, ընդ որում արտահանումը նվազել է 50,5%-ով, իսկ ներմուծումը նույնիսկ աճել է 0,87%-ով: Սեպտեմբեր ամսին նույնիսկ առևտրական սալդող եղել է բացասական և կազմել է 93 մլն դոլլար: Հասկանալի է, որ Ադրբեջանի արտահանման ծավալների գրեթե կրկնակի նվազումը պայմանավորված է եղել հում նավթի և նավթամթերքների արտահանման կրճատմամբ՝ եթե 2015 թ.-ին սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական նավթի գինը կազմել է 49 դոլլար, ապա 2014 թ.-ի սեպտեմբերին այն կազմում էր 98,3 դոլլար: Հիշեցնենք, որ դեռևս Ադրբեջանի արտահանման կառուցվածքում նավթի մասնաբաժինը կազմում է մոտ 78,1%: Նվազել է ոչ միայն նավթի, նավթամթերքների և բնական գազի, այլ նաև թեյի, սև մետալուրգիայի արտադրանքների, ալկոհոլային խմիչքների, կաշվի արտահանումը: Նույնիսկ մանաթի դեվալվացիան չբերեց դրական արդյունքների և ոչ նավթային սեկտորի արտահանման ծավալները այս ընթացքում աճ չեն գրանցել: Ներմուծումը, թեև աճ է գրանցել, ինչպես նշեցինք 0,87%-ով, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, սակայն դրա աճը տեմպերը նույնպես արագ կրճատվում են Ադրբեջանում:
Ինչպես տեսնում ենք, արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը հարավ-կովկասյան երեք երկրներում, ունի որոշակի նմանություններ և տարբերություններ: Եթե Հայաստանում այն պայմանավորված է ներմուծման կրճատմամբ, ապա Վրաստանում և Ադրբեջանում այն պայմանավորված է հիմնականում արտահանման զգալի կրճատմամբ, թեև Վրաստանում ներմուծումը նույնպես կրճատվել է: Հայաստանի և Վրաստանի արտահանվող արտադրանքների վրա զգալիորեն բացասական է ազդում ռուսական շուկան, որի պատճառով նշված երկրների արտահանման ծավալները զգալիորեն նվազել են: Թեև ադրբեջանական արտահանման ներուժի վրա ազդում է նավթի գների անկումը, սակայն ոչ նավթային սեկտորի արտադրանքների արտահանման ներուժի վրա ռուսական շուկայի գործոնը նույնպես բացասական է եղել: