ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցերով դիմեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ով ԱԺ ում ներկայացնում է սահմանամերձ գոտու արտադրությունները հարկային բեռից ազատելու օրինագիծը:
«Այս գումարման Աժ-ում իմ առաջին հարցը Կառավարությանը եղել է այն մասին, թե արդյո՞ք չեն ուզում հարկային քաղաքականությունն օգտագործել գործիք տարածքների զարգացման համար: Պատասխանը խիստ բացասական էր: Այսօր բերել եք որոշ բաներ: Բայց կիսատ է: Ի՞նչ է նշանակում արհեստական տեղափոխում գործող արտադրությունների այս համայնքեր, որոնք կան ցուցակում, չի կարելի: Եթե մենք տալիս ենք արտոնություն, տալիս ենք նաև տեղափոխման համար: Եթե մեկը վերամշակման արտադրամաս ունի, ու ուզում է տեղափոխել Չինարի գյուղ, ինչու՞ չպիտի անի: Մենք ունենք բազմաթիվ գյութեր, որոնք սահմանակից չեն Ադրբեջանի հետ, բայց շատ խիստ կլիմայական պայմաններ ունեն: Այնտեղ կարելի է բավական մրցունակ արտադրանք ստեղծել: Ինչու՞ այս օրենքը չտարածենք նրանց վրա»:
Պատասխանելով պատգամավորին, փոխնախարարն ասաց.
«Ով կուզենա տեղափոխել իր բիզնեսը, ազատ է, կօգտվի արտոնություններից: Մենք որևէ սահմանափակում չենք նախատեսում: Իմ ասածը վերաբերում է միայն արհեստական գրանցում ունեցող և իրական արտադրություն չունեցող մարմիններին: Ես իմ ելույթում չեմ նշել, որ արտոնությունները միայն սահմանապահներին է վերաբերելու: Այն չափանիշները, որոնք կմշակենք, կներառի նաև ձեր նշած շերտերը»: