ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինձ թվում է` Դուք էլ եք լավ հասկանում, որ առաջիկա ընտրություններն էլ նույնպես կընթանան մեզանում ընդունված հայտնի հունով: Ցավալի է՝ քանի գնում այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ սովորական տրորված ճանապարհներով մենք այս խորը փոսից չենք կարողանալու դուրս գալ և որ նույնիսկ արյուն թափելն էլ չի օգնի: Չնայած բավական դառը, անհույս թվացող այս իրավիճակին համոզված եմ Ձեզանից շատերի մոտ էլ դեռ որոշ հույսեր, սպասում մնացել է և Դուք էլ ողջ եռանդով փրկության գործին կլծվեք եթե լուրջ առաջարկ լինի: Խնդրի լուծման մենք բոլորովին այլ նոր մոտեցում ենք առաջարկում: Բեկմանը կարելի է հասնել եթե առաջին հերթին մենք փորձենք համախմբելով ողջ հայության ներուժը աշխարհով մեկ ձևավորենք մի նոր տիպի, պետության նման, միաձույլ, նպատակային գործունեության ունակ, մի հզոր Ազգ կազմակերպություն որի ընդամենը մայրաքաղաքը լինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ նրա իշխանական համակարգն էլ այդ դեպքում ստիպված լինի աստիճանաբար դառնալ բոլորի համար թափանցիկ, ժողովրդավարական, հնարավորիս արդար համակարգ: Պարզելու համար, թե որքանով է հիմնավորված մեր առաջարկությունը՝ ինչպիսին է լինելու այդ կառույցը, ինչ նպատակների, խնդիների պետք է հետամուտ լինի նա և ինչպես պետք է նպաստի, որ յուրաքանչուր հայ անկախ բնակության վայրից կարողանա ապրել ավելի ապահով, ավելի արժանապատիվ կյանքով: Եվ ինչու ենք մենք համոզված, որ ներկայումս աշխարհի ուժեղներից շատերը ոչ միայն չեն խանգարի, այլ կարող է նույնիսկ օգնեն մեզ այդ հարցում, ինչ նոր այլ հնարավորություններ էլ են բացվել կառույցը կյանքի կոչելու համար և ինչու այսօրվա մեր իշխանավորները չեն էլ կարող խոչընդոտել նրա ձևավորմանը՝ բոլոր այս մանրամասներին Դուք կարող եք ծանոթանալ այցելելով armnational.am կայքը:
Սիրելի ֆեյսբուքահայեր, ժամանակն է, որ վիրտուալ դաշտում ձևավորվող մեր միավորումները ավելի լուրջ կշիռ ստանան, կարողանան էապես ազդել նաև քաղաքական գործընթացների վրա: Դիմում եմ ցանցի իմ բոլոր ընկերներին՝ Ձեր հնարավորությունների շրջանակում աջակցեք Համագործակցության, փոխօգնության ազգային կառույցի ձևավորմանը, Ձեր ակտիվ մասնակցությամբ նպաստեք, որ նա կարողանա արդյունավետ գործել: Համոզված եմ, որ մեր՝ հայաստանաբնակների համար էլ այն իրավունքների պաշտպանության, մեր կյանքի բարելավման լուրջ խթան կդառնա:
Հ.Գ. Քանի որ մեր քաղաքական դաշտում դեռ հատ ու կենտ մնացել են որոշ նորմալ գործիչեր և նրանց աջակցությունը այս ծրագրի իրականացմանը շատ օգտակար կլինի, մենք որոշեցինք պաշտոնապես դիմել այս ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչով իրենց դիրքորոշումները հայտնել մեր առաջարկության մասին, ընտրողներին տեղեկացնել թե ընտրվելու դեպքում այս ուղությամբ ինչ քայլեր են ձեռնարկելու: Խնդրում եմ ընտրությունների գնալիս հաշվի առնել դա»: