Մենք նոր բան չենք առաջարկում, պարզապես եղածը տարածում ենք այն իրավիճակների վրա, երբ նիստի քվորումը չի ապահովվում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:
«Սա կտարածվի այն դեպքերում, երբ նիստի քվորումը չի ապահովվում, կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրության նիստին, խոսքը վերաբերում է առհասարակ ԱԺ նիստերի խոչընդոտմանը: Սա նշանակում է, որ եթե կա խոչընդոտ նիստը սկսելու կամ նիստի ընթացքը շարունակելու, նիստը պետք է ընդհատվի: Այլ տարբերակ կամ այլ տրամաբանություն այստեղ տեսնո՞ւմ եք»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ ինքը սա համարում եմ ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք, որ կարող է լինել իրավիճակ, երբ հայտնվեն իրականում սահմանադրական ճգնաժամի առջև:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն էր հայտնել, թե այս նախագծով փորձ է արվում խոչընդոտել Ազգային ժողովը ցրելու միակ իրավական տարբերակը: