Հաճախ կարելի է լսել այն մասին, որ մենք ուտում ենք ամենատարբեր հավելումներով և ոչ առողջարար սնունդ: Այդ հավելումները կարող են լինել բոլոր այն մթերքների մեջ, որոնք մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք՝ պանիր, թթվասեր, պաղպաղակ, երշիկ, նրբերշիկ և այլն: Պետք է նկատել, որ վերջին շրջանում բավականին շատ են դեպքերը, երբ բացահայտվում է, որ այս կամ այն արտադրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին: Եվ թեկուզ շատ դեպքեր բացահայտվում են, բայց պետք է նշել, որ դրանք, ի վերջո, շոշափելի արդյունք չեն ունենում, որովհետև այսօր էլ շարունակվում է կասկածելի ծագման սննդամթերք վաճառվել մեր շուկայում:
Մամուլում սննդամթերքի ոլորտում վերջին հրապարակումը տեղական արտադրության թթվասերի մասին էր: Ներկայացված 10 արտադրողի թթվասերից 7-ում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Հայաստանում արտադրողները շարունակում են խախտումներ անել, քանի որ ոլորտը չի կարգավորվում, կարգը խախտողներն էլ համարժեք պատասխանատվության չեն ենթարկվում. «Մեզ մոտ ոլորտը շատ բարձիթողի վիճակում է, վերահսկողություն գրեթե չի իրականացվում այն իմաստով, որ եթե բողոք կա, նոր միայն գնում են խախտման հետքերով և ստուգում իրականացնում, իսկ եթե բողոք չի լինում, ոչ մի ստուգում չի արվում»:
Կարեն Չիլինգարյանը նաև ընդգծեց, որ տնտեսավարողներն իրենց քայլերում ավելի ուշադիր կլինեին, եթե իրենց թերացումների համար համապատասխան պատասխանատվության ենթարկվեին. «Կանոնավոր ստուգումներ չեն իրականացվում, թե ընկերություններն ինչպես են աշխատում, ինչ պայմաններում է արտադրամասում արտադրությունն իրականացվում: Երբ կասկածներ են լինում, նոր են ինչ-որ քայլեր արվում, լավագույն դեպքում զգուշացումներ են արվում, կամ խմբաքանակն է վաճառքից հանվում, առավելագույնը կարող է այդ պահին մթերումը կասեցվի»:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրականում ձեռնարկվող քայլերը չեն նպաստում, որ այսօր խախտումներ չարվեն. «Խախտումների մասին բացահայտումից հետո ընկերությունը կարող է թերությունները վերացնել ու նորից սկսել աշխատե, պատժամիջոցների, տուգանքների մակարդակն է այս դեպքում շատ ցածր: Եթե տնտեսավարողն իմանա, որ խախտման դեպքում մեծ տուգանքների կենթարկվի, կամ արտադրությունը կփակվի, անընդհատ կմտածի, որ հանկարծ խախտում չանի»:
Նշենք, որ վերը նշված դեպքի առնչությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ չի տեղեկացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու այն դեպքում, երբ հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն առկա չի եղել, որովհետև թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է: