Մի շարք քաղաքացիների պնդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում տրվող դիալիզի (երիկամ-փոխարինող թերապիայի) համար հիվանդների դիմումները թողնում է անպատասխան:
Araratnews.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիներից Էդվարդ Միրզոյանը պատմեց, որ արդեն երրորդ շաբաթն է` մայրը՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող 65-ամյա Թագուշ Սարգսյանը, դիալիզ ստանում է սեփական միջոցներով. «Հիվանդանոցից թուղթ տվեցին, տարա նախարարություն, որտեղից պետք է դիալիզ ստանալու համար պատասխանը տային հինգ օրվա ընթացքում: Բայց այդ շաբաթ չպատասխանեցին, հետո հաջորդ շաբաթ հիվանդանոցի գլխավորը կանչեց, ասեց՝ նախարարությունից պատասխանը եկել է, որ հանձնաժողով են ստեղծել, ու էդ հանձնաժողովը պիտի ստուգումներ անի, նոր ասի՝ ում է դիալիզ տրամադրում, ում՝ չէ: Նաև ասաց՝ դժվարանում եմ էդ լուրը ձեզ ասեմ, բայց դիալիզի համար դուք պետք է վճարեք»:
Էդվարդի պատմելով՝ մայրն օրումեջ դիալիզ է ստանում, մեկ անգամվա արժեքը 25 հազար դրամ է, իսկ իրենք սոցիալական խնդիրներ ունեն. «Ես գնացի նախարարություն, ինձ բարձրացրին, եթե չեմ սխալվում՝ Սուսաննա Բադալյանի մոտ, ով ասաց, թե ոչինչ անել չեն կարող, պետք է սպասենք, որովհետև հարցը քննարկման փուլում է, բայց ժամկետ չի ասում, թե մինչև ե՞րբ: Իսկ ինձ համար ահավոր դժվար է օրումեջ 25 հազար դրամ տալը, ես ամեն օր նորանոր պարտքերի տակ եմ ընկնում»:
Մեր զրուցակցի խոսքով՝ առողջապահության նախարարությունից ինքը մշտապես ստացել է նույն պատասխանը՝ պետք է սպասել. «Գնում ես նախարարություն, ասում են՝ թեժ գծին զանգի, էնտեղ զանգում ես, ասում են՝ դիմեք նախարարություն: Ես նաև մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել, իրենք էլ միայն խորհուրդներ են տալիս ու նորից հուշում նախարարության տեղը. արդեն բումերանգ է դարձել»:
Հավելենք նաև, որ Էդվարդի հայրը ևս 3-րդ խմբի հաշմանդամություն ունի: Նա երեք անչափահաս երեխաների հայր է ու ընտանիքի միակ աշխատողը:
Araratnews.am-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք ևս բողոքներ են ստացել քաղաքացիներից. «Դե, երկու բողոք էլ մեզ մոտ է եղել, որոնք կուսումնասիրվեն»:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիների դիմումներին ընթացք չի տրվում, և նրանք չեն ստանում պետպատվերի շրջանակում արվող դիալիզը, մամուլի խոսնակն ասաց. «Բուժհիմնարկներին ասվել է, որ դա մարդկանց տրամադրվի պետության կողմից տրված բյուջեով: Ես չգիտեմ` ինչո՞ւ չի արվում, սխալ են անում, բայց ես վստահ եմ, որ երկրորդ գրությունը գնալուց հետո կանեն: Հիմա պատրաստվում է շրջաբերական, որը կուղարկվի բոլոր այն հիմնարկներ, որտեղ դիալիզ է արվում: Իրենց էլ ասվել է, որ պետք է արվի»:
Հայթայանի կարծիքով՝ բուժհիմնարկներում գուցե մտավախություն կա, որ պետությունը փոխհատուցում չի տրամադրի:
Հարցին, թե արդարացվա՞ծ են արդյոք բուժհիմնարկների մտավախությունը, կա՞ն դրա համար օբյեկտիվ պատճառներ, նախարարության մամուլի խոսնակն արձագանքեց. «Եթե բուժհիմնարկն ինքը չի անում էն, ինչ իրեն ասված է, ես կարո՞ղ եմ իր փոխարեն ասել պատճառը»:
Այնուամենայնիվ, Հայթայանը վստահեցրեց, թե վաղվանից բոլոր այն քաղաքացիները, որոնք բախվել են այս խնդրին, անվճար դիալիզ կստանան:
«Եթե բուժհիմնարկները չեն անի, քաղաքացիները կարող են դիմել մեզ, նախարարությունն էլ համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- եզրափակեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակը:
Էմմա Հովսեփյան