ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է դիմում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, ու այդ փաստաթղթերին ավելացնելու որևէ բան չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Araratnews.am-ի դիտարկմանը, թե Սարգսյանը լեգիտի՞մ նախագահ է, Շարմազանովն արձագանքեց. «Արմեն Սարգսյանը, եթե ընտրվի, լեգիտիմության խնդիր չունի։ Մնացածն արդեն մեկ քաղաքական ուժի մտահոգություն է։ Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, մենք այդ հարցում ունենք կոնսենսուս մինուս մեկ, և ինչպես ես ասեցի, եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ»,- նշեց նա։
Շարմազանովի խոսքով՝ կան գործիչներ, որոնք անընդհատ քննադատել են ու շարունակելու են քննադատել, անկախ նրանից, թե ինչ են քննադատում։
Հիշեցնենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ «Ելքի», նշել են, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, մինչդեռ «Ելքը» շարունակում է կասկածի տակ դնել Սարգսյանի թեկնածության լեգիտիմությունը՝ բավարար չհամարելով ներկայացված փաստաթղթերն այն մասին, որ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարվա ընթացքում հանդիսացել է ՀՀ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում