ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել: ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա ասաց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։ «Չգիտեմ՝ մեզ համար առավելությո՞ւն է, թե՞ թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է հաճախ է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել»,- նշեց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում Արմեն Սարգսյանի հետ ունեցել է, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ կքննարկեն իրենց հուզող հարցեր։ Վարդանյանը նաև շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ է նշմարում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։
Դիտարկմանը` եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, ապա արդյոք կա՞ այլ թեկնածու, ում իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, Աղվան Վարդանյանը նշեց, որ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելն էլ մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց շարքում կային մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։
Աղվան Վարդանյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը իրենց համար ընդունելի նախագահի թեկնածու է:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան