տուն Հասարակություն Իրավական Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչը որոշում կայացրեց

Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչը որոշում կայացրեց

179
0

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Արմեն Գևորգյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց երկու կողմերի վերաքննիչ բողոքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով:

Գևորգյանը նշեց, որ իր պաշտպանների բերած վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել է, և ստացվում է, որ դատարանը հիմնավոր է համարում մեղադրանքը, սակայն կալանավորումը որպես խափանման միջոց թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչը չեն ընդունում:

Արմեն Գևորգյանը խուսափողական պատասխաններ էր տալիս իր նկատմամբ հարուցված գործին և նշում, որ ինքը չի ցանկանում հրապարակել նախաքննական գաղտնիքներ:

«Ես պետք է վերադառնամ գործի, իմ ընտանիքն էլ լարված սպասում է, ցտեսություն»,-ասաց Արմեն Գևորգյանն ու հեռացավ: