Կառավարությունը մեկ տարի ժամկետով 352 միլիոն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Նշենք, որ այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ գործադիրի նախորդ նիստին այս հարցը քննարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը ապահովեն, բայց ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այստեղ ևս մենաշնորհային քաղաքականություն չեն վարելու։
«Բնականոն ձևով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար»,- եզրափակեց նա։