տուն Լուրեր Արմաշի լճերի քանակը կրճատվում է, վտանգվում է կենսաբազմազանությունը. Բնապահպաններ

Արմաշի լճերի քանակը կրճատվում է, վտանգվում է կենսաբազմազանությունը. Բնապահպաններ

139
0

birds_of_armenia

Բնապահպանները ահազանգում են, որ Արմաշի լճերի քանակը կրճատվում է, ինչը իր հերթին բերում է կենսաբազմազանության կրճատման:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին բնապահանական ՀԿ-ների ներկայացուցիչները:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրավիճակը բավականին ծանր է և Բնապահապանաության նախարարարությունը նույնպես անհանգստացած է Արմաշի լճերում կենսաբազմազանության և թռչունների պահպանման խնդրով:

«Արարատյան դաշտում կա ջրի կառավարման շատ ծանր խնդիր։  Այստեղ  նաև շահագրգիռ կողմեր կան, և հիմա մենք չունենք պատասխաններ: Ջրային կոմիտեն նույնպես  բացատրություն չի տվել»,-ասաց Զարաֆյանը:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասում է, որ Արմաշի լճերը արհեստական, ձկնաբուծական լճակներ են, որտեղ բնակվում են 100-ից ավել ջրաճահճային թռչուններ:

«Այդ լճերն ունեն սեփականատերեր: Հայաստանի համար սա միակ տարածքն է,  որտեղ այդպիսի քանակությամբ ջրաճահճային թռչուններ կարելի է տեսնել: Մի քանի տարի առաջ, երբ մենք հանդիպել են սեփականատերերի հետ, մեզ ասում էին, որ կան խնդիրներˋ կապված ջրայի ռեսուսրների և ձկանբուծության հետ»,-ասում է Ադամյանը:

Նա հավելում է, որ այդտեղ թռչունների 20 տեսակ կա, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

Ըստ 2012-ի վերջին տվյալների՝ Արմաշում եղել է 18 մեծ լիճ և 5՝ փոքր:

«Վերջին օրերին, երբ մենք այցելեցինք այդ տարածք՝ տեսանք, որ պարզապես մի երեք լիճ չորացվել է: Այդ տարածքները չորացվում են, ցանքատարածությունների են վերածվում և աճեցվում ձմերուկ, գյուղատնտեսական մթերքներ: Դա նշանակում է, որ վերանում է այդտեղ նաև կենսաբազմազանությունը և այդ թռչունները այդտեղից կվերանան»,-ասաց Ադամյանը:

Նա ասաց, որ միակ լուծումն այն է, որ այդ լճերը Բնապահապանության նախարարարությունը պետք է վերցնի իր ենթակայության տակ, կամ պետք է որևէ  դոնոր կազմակերպություն գնի  և դարձնի այն հատուկ պահպանվող տարածք:

Հայաստանում ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանն ասում է, որ խնդիրը առաջացել է ջրային ռեսուրսների սխալ կառավարումից:

«Արարատյան դաշտի արտեզյան ջրի ավազանը սպառվում է, առանց մոնիտորինգի աշխատել են այնտեղ ու հիմա այս խնդրի առջև են կանգնել»,-ասաց Աղաբաբյանը: