Հոկտեմբերի 1-ին Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, միության անդամները հանդիպում են ունեցել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:
Սրբազան Հայրը, հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը, անդրադարձել են Տիկնանց միության կարևոր դերակատարությանը Արգենտինայի համայնքային կյանքից ներս, մասնավորապես օգտաշատ գործունեությանը` ի նպաստ ապագա սերունդների հայեցի դաստիարակության, հայկական ինքնության և հայոց լեզվի պահպանման:
Այնուհետև Նաթան Սրբազանը խոսել է Սփյուռքի համայնքների առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Այս առնչությամբ մեծապես կարևորվել է Հայոց Եկեղեցու առաքելությունը Սփյուռքում:
Վերջում Նաթան Սրբազանը, իր գնահատանքը հայտնելով Տիկնանց միության անդամներին, մաղթել է Ամենակալ Աստծո պահպանությունն ու առաջնորդությունը և արգասաբեր գործունեություն Արգենտինայի հայկական համայնքներում:
Ավարտին միության անդամները մասնակցել են Սուրբ Պատարագի արարողությանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:
Նույն օրը Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է նաև Վիեննայի Պեռխդոսելդորֆի կաթոլիկ համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ համայնքի հոգևոր հովիվ Հայր Յոզեֆ Գրյունվիդելի: