տուն Լուրեր Արգամ Աբրահամյանի «մեսիջը»

Արգամ Աբրահամյանի «մեսիջը»

175
0

21557857_502564446748664_4342339743196648466_n

ՀՀ նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ կատարել գրառում, որ շարունակում է իր անձնական միջոցներով ասֆալտապատել քաղաքի փողոցներն ու բակերը:

«Բարեկարգ և հարմարավետ Արտաշատ ունենալու իմ տեսլականի շրջանակներում շարունակում եմ անձնական միջոցներով ասֆալտապատել մեր քաղաքի փողոցներն ու բակերը…
Իմ ուշադրությունը դեպի Արտաշատն ու արտաշատցին չի նվազելու, քանզի մեր միջև ձևավորվել է փոխադարձ հարգանք ու վստահություն:

Իմ տեսադաշտից դուրս չեն մնալու նաև մեր մարզի գյուղերում կուտակված խնդիրները, որոնք առաջիկայում ստանալու են իրենց կոնկրետ լուծումները»,- գրել է Արգամ Աբրահամյանը:

Կրտսեր Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, երբ «Ծառուկյան» դաշինքով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին եւ հաղթահարեց անցողիկ շեմը: Մայիսից Արտաշատում փաստացի քաղաքային իշխանություն չկա: Քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին փոխքաղաքապետ, Աբրահամյանների ազգական Գագիկ Պողոսյանի վրա: Ի դեպ, պատգամավոր ընտրվելուց հետո Արգամ Աբրահամյանը երկրորդ անգամ է նման բովանդակությամբ գրառում անում: Առաջինն այն ժամանակ էր, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս չէր հրապարակել Արտաշատում քաղաքապետի ընտրություններ անցկացնելու ժամկետը:

Արգամ Աբրահամյանը մեկ առիթով լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու են, սակայն չէր հստակեցրել, թե ով է լինելու այդ թեկնածուն: Իշխող ՀՀԿ-ն եւս հայտարարել է, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու են: Օրեր առաջ ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին, եւ համայնքներում թեկնածուների առաջադրման քննարկումները սկսվել են:

Հաջորդ ամսվա սկզբին պարզ կդառնա, թե ովքեր են առաջադրվել Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար:
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Աբրահամյանները Արտաշատը «հանձնելու» են, առայժմ սակայն նախադրյալներ չկան: Ամեն դեպքում Արգամ Աբրահամյանի հերթական գրառումը խոսում է այն մասին, որ ավելի վաղ արված հայտարարությունն ուժի մեջ է: Ինչպիսին կլինի ՀՀԿ-ի արձագանքը, եւ ինչ ավարտ կունենա «Արտաշատի գրավումը»` ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե պատրաստվում է մեկնել Արտաշատ` պատրաստվելու քաղաքապետի ընտրության գործընթացին:  Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններն էլ Ալիկ Սարգսյանը որակել էր սառը: Դատելով տեղի ունեցող զարգացումներից` կարելի է ենթադրել, որ Արտաշատում կրքերը երկար ժամանակ չեն հանդարտվի:

Փայլակ Ֆահրադյան